22 հոկտեմբերի 2020 - 16:22 AMT
Կրեմլ․ ԼՂ խնդրի կողմերը չեն պահում հումանիտար հրադադարը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հումանիտար դադարի և կրակի դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չեն պահպանում։

Նրա խոսքով՝ Մոսկվան չի տեսնում հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան դիվանագիտականն է, ինչի համար Ռուսաստանը ջանք է թափում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը չի մեկնաբանել հայկական կողմի «կասկածները», որ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով պրոգրեսի հասնել. «Դա պետք է հարցնել Հայաստանի ղեկավարից»,- ասել է նա։

Նա ավելացրել է, որ բանակցություններում երրորդ երկրի (Թուրքիայի - խմբ.) ներգրավումը հնարավոր կլինի միայն հակամարտող երկու կողմի համաձայնությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։