22 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT
ՀՀ-ն առաջարկել է զրկել Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունից

ՀՀ-ն առաջարկում է զրկել Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնություններից։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի առաջիկա նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետություններին տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։

Արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009-ին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։

Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։