Հիվանդանոցում մահացել է hոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորված Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը:
Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին ՀՀ խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ այս ամենը մեկ անգամ ևս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա:
«Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է մարզպետը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։