Հոկտեմբերի 24-ին Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, նախորդ օրերի համեմատ՝ մեծ լարվածություն չի եղել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ հյուսիսում կեսօրից հետո սկսել է հրետանային հուժկու փոխհրաձգություն, կենտրոնում անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն-հետախուզական մեկ խումբ, դիվերսանտներ չեզոքացնելու գործողությունները շարունակվում են։
Հովհաննիսյանը հայտնել է, որ հարավում ևս թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը փորձում է օջախային գրոհներով առաջ շարժվել, որոշ հատվածներում հետ են շպրտվել ու նահանջել են՝ կորցնելով զրահատեխնիկա։
ՊՆ ներկայացուցիչն ինտերակտիվ քարտեզով ներկայացրել է իրավիճակն Արցախում ու հայտնել, որ հարավում ու հյուսիսում (Թալիշը) ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներ կան, սակայն իրավիճակն անընդհատ փոփոխվում է։
ՊՆ ներկայացրած տեսանյութում երևացող քարտեզը ներառում է նաև Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասն ու որոշ այլ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ դեռ 1994-ից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։