26 հոկտեմբերի 2020 - 13:30 AMT
Մել Գիբսոն. Աղոթում եմ հայերի և ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնն աղոթում է հայ ժողովրդի և ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, գրում է RTVI-ը։

«Խորը վշտով իմացա Արցախում հակամարտության սրման մասին։ Ես այստեղ շատ հայ ընկերներ ունեմ՝ նրանք պատմում են իրենց տառապանքների, մտերիմներին կորցնելու մասին։

Շատ եմ հարգում տոկուն և մեծահոգի հայ ժողովրդին, որը հսկայական դժվարությունների միջով է անցել։ Այդ մարդկանց ունակությունները, ինչպես գիտենք, անսահման են։

Ես աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, որ մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի։ Բարեկամներ, ուժեղ եղեք, շարունակեք ձեր գործը, օրհնի ձեզ Աստված»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։