Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճող ծավալների մասին։
Պուտինը տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի, ճգնաժամի դեէսկալացիայի և շուտափույթ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, այդ հակամարտությունների կարգավորումը։
Թուրքիան, Ադրբեջանից բացի, վարձկան ահաբեկիչների է տեղափոխում նաև Լիբիա, լարում իրավիճակը Սիրիայում։
Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես զինյալները, նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։