30 հոկտեմբերի 2020 - 10:04 AMT
ԱԳ նախարար․ ԼՂ հարցում Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանն աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ՝ դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Արաղչին ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանով նախ Ադրբեջան է այցելել, հոկտեմբերի 29-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հետո այցելել Երևան, որից հետո մեկնելու է նաև Թուրքիա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրանական պլանը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելն է․ այդ են վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի տարածաշրջանային այցերն ու հայտարարությունները։