31 հոկտեմբերի 2020 - 13:01 AMT
ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք

Պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք, փոխանցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Հոկտեմբերի 31-ին , հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորություններին։

Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման վտանգի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում։

ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։