3 նոյեմբերի 2020 - 17:37 AMT
Արցախի ԱԱԾ տնօրենը Նորայր Միրզոյանին գեներալ-մայորի ուսադիրներ է հանձնել դիրքում

Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրներ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին և ծառայողներին՝ անձնվեր ծառայության ու նվիրման համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։