4 նոյեմբերի 2020 - 15:56 AMT
100 կոնգրեսական դիմել է USAID-ին Արցախի ականազերծումը ֆինանսավորելու համար

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն և Արցախն ականազերծող HALO Trust-ը ողջունել են ԱՄՆ 100 կոնգրեսականի՝ ի պատասխան թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Արցախն ականազերծելու և զինամթերքներից մաքրելու համար հումանիտար օգնություն ցուցաբերելու կոչը։

Կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը (USAID)։

HALO Trust-ի գործադիր տնօրեն Քրիս Վաթլեյի խոսքով՝ կազմակերպությունը հույս ունի, որ ԱՄՆ-ն մեծ միջոցներ կներդրի Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին արձագանքելու ուղղությամբ։

Կոնգրեսականները մատնանշում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը թուրք-ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվում են հրթիռներով, ավիառումբերով, կասետային զինամթերքներով, որոնք երբեմն չեն պայթում։

Նշվում է, որ խաղաղ բնակչությանը պաշտպանելու և ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու ջանքերին նպաստելու համար կոչ է արվում USAID-ին ներդրումներ կատարել մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքների վնասազերծման գործում, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ մարդասիրական օգնություն հակամարտության գոտում գտնվողներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։