4 նոյեմբերի 2020 - 17:58 AMT
Ամերիկահայերը ցույցի են դուրս եկել լոբբիստական BGR Group ընկերության մոտ

Ամերիկահայերը կրկին բողոքի ցույց են կազմակերպել BGR Group լոբբիստական ընկերության դիմաց։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու դեմ և պահանջել խզել Բաքվի հետ կապերը։

Ցուցարարները ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պարզել «Մեղսակից մի եղիր Ադրբեջանի հանցագործություններին», «Ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Կանգնեցրեք Թուրքիային» գրություններով պաստառներ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ամերիկահայերը հոկտեմբերին ևս նմանատիպ ցույց էին արել BGR Group լոբբիստական ընկերության գրասենյակի մոտ։ BGR Group-ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանի շահերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։