5 նոյեմբերի 2020 - 13:12 AMT
Ացախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին նամակ են տարել՝ հանդիպում են պահանջում

Արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա են անում: Նրանք իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են նամակով ու ցանկանում են, որ դեսպանն այն անձամբ ստանա, փոխանցում է Factor.am-ը։

Ցուցարար կանանցից մեկը պատմել է, որ ինքն ու իր նման կանայք 39 օր նկուղում են անցկացրել, սակայն ինքը կրկին հետ է գնալու՝ իր ամուսնու ու որդու կողքին լինելու։ Նա կոչ է արել «խուլ չլինել, արթնանալ ու չլռել»։

«Եթե այսօր Արցախում ահաբեկչությանը վերջ չտաք, ապա վաղը դուք ահաբեկչության զոհ կդառնաք»,- նշել է նա։

Պատերազմի սկզբից արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում միջազգային տարբեր կառույցների ու դեսպանատների առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով վերջ դնել թուրք-ադրբեջանական հարձակմանը, ահաբեկչությանը և ճանաչել Արցախի անկախությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։