5 նոյեմբերի 2020 - 19:24 AMT
ՔԿ․ Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողի դիերից միայն 4-ին են հարազատները ճանաչել

Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողի դիակից միայն 4-ին են հարազատները ճանաչել, հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Մենք ունենք միայն նախնական զննության տվյալներ և նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի արտաքին զննությամբ կան անդամահատված դիեր»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի, թե իրականում ինչն է եղել խեղման պատճառը, և արդյոք անդամհատումները դիակապտության թե խոշտանգման հետևանք են։

Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին էր փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողի մարմին, ՀՀ-ին էր արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին: Քաղաքացիական մյուս անձը՝ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել էր մինչ Հայաստանին արտահանձնվելը։ Նրա նկատմամբ Ադրբեջանում բռնություն էր կիրառվել. ՔԿ-ից նշել են, որ Մելքումյանը մահացել է գլխուղեղի տրավմայի հետևանքով:

Նոյեմբերի 5-ի դրությամբ Ադրբեջանում գերեվարված 21 հայ զինծառայող կա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։