9 նոյեմբերի 2020 - 10:50 AMT
Արա Աբրահամյանը ՌԴ իրավապահներին հորդորել է զսպել ադրբեջանցիների սադրանքները

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում համապատասխան ուժային կառույցների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ խոշոր այլ քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպվող սադրանքներին:

Նամակներում ասվում է, որ մինչ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբը հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, «գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել ադրբեջանցիների հանդունգն պահվածքին, վերջիններս, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, ՌԴ քաղաքների շուկաներում և փողոցներում ծայրահեղ ամբարտավան են իրենց պահում»:

«Հուսով ենք, որ ՌԴ իրավապահ մարմիններն օպերատիվ և կոշտ գործողություններ կձեռնարկեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է ռուսաստանյան շուկաներից մեկում կախված՝ սադրիչ գրառմամբ ադրբեջանական դրոշը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։