9 նոյեմբերի 2020 - 16:36 AMT
Սինանյանի գրասենյակը Ռուսաստանի հայերին զգոնության կոչ է անում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը զգոնության կոչ է անում Ռուսաստանում բնակվող հայերին։

Ադրբեջանը կրկին փորձում է սադրանքների դիմել երրորդ երկրների տարածքում, ազգամիջյան բախումներ ու անկարգություններ հրահրել:

«Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ղեկավարներին, այդ թվում համապատասխան ուժային կառույցների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ խոշոր այլ քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպվող սադրանքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։