9 նոյեմբերի 2020 - 20:44 AMT
ՌԴ ՊՆ․ Հայաստանում Մի-24-ը խոցվել է դյուրակիր հրթիռով, երկու զոհ կա

Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ նոյեմբերի 9-ին՝ 17։30-ի սահմաններում խոցվել է դեպի 102-րդ ռազմաբազա գնացող շարասյանն ուղեկցող Մի-24-ը, հրթիռի հարվածից ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային հատվածում։

Արդյունքում, նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է պարզել, թե ով է խոցել ռուսական ուղղաթիռը:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։