24 փետրվարի 2009 - 14:29 AMT
Սկանդալային «Ֆիտնա» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում
Ծայրահեղ աջ քաղաքական հայացքների տեր հոլանդացի Գերտ Վիլդերսի սկանդալային ճանաչում ստացած «Ֆիտնա» ֆիլմը, որի ցուցադրությունն արգելվեց անցյալ տարի Եվրոպական խորհրդարանում, այս շաբաթ կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում:

17-րոպեանոց այս ժապավենի, որի հեղինակը չի ընդունում իսլամը, փակ ցուցադրությունը տեղի կունենա հինգշաբթի օրը Կապիտոլիումի բլրին, այն բաց կլինի ամերիկացի օրենսդիրների եւ նրանց աշխատակազմի անդամների համար:

Միջոցառման կազմակերպիչն է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդի տեղակալ Ջոն Քիլը (Արիզոնա): Ինչպես լրագրողներին է հայտարարել նրա մամլո քարտուղար Ռայան Փեթմինթերը, Քիլը համաձայնվել է աջակցել այս ցուցադրության կազմակերպմանը, քանի որ գտնում է, որ «այն մարդիկ, որոնք խիզախում են մատնանշել ռազմատենչ իսլամի սպառնալիքները, չափազանց հաճախ են հայտնվում վտանգի մեջ»:


Կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են նաեւ Ազատ մամուլի միջազգային ընկերակցությունը եւ Վաշինգտոնի Պաշտպանական քաղաքականության ոչ կառավարական կենտրոնը, որը գլխավորում է Ֆրենկ Գաֆֆնին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եվրախորհրդարանում Վիլդերսի ֆիլմը չցուցարդելու մասին որոշումը կայացրեցին նրա նախագահն ու անդամ բոլոր կուսակցական խմբերի ղեկավարները անցած դեկտեմբերին: Ավելի վաղ Վիլդերսը, որը Նիդերլանդների Ազատության կուսակցության առաջնորդն է, վտարվեց Լոնդոնից ժամանելուն պես: Իր գործողությունները Մեծ Բրիտանիայի կառավարությունը այն ժամանակ բացատրեց ազգային անվտանգության շահերով: