11 նոյեմբերի 2020 - 23:53 AMT
ՌԴ-ն ու Թուրքիան ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտարարել է, թե «դիտորդական համատեղ կենտրոնի ստեղծումը թույլ կտա հուսալիորեն վերահսկել կողմերի՝ կրակի դադարեցման գործողությունը և ամուր հիմք կլինի հակամարտության երկարատև կարգավորման համար»։

Համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում և զբաղվելու է կրակի դադարեցման պայմանավորվածության մասին տեղեկատվության ստուգմամաբ։ Այն, ըստ կողմերի, կդառնա համաձայնագրի խախտման հարցով ցանկացած հարցի, բողոքի կամ մտահոգության ուսումնասիրության կենտրոն։

Շոյգուն նշել է նաև, որ ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայամանավորվածությունը հնարավորություն կտա «դադարեցնել արյունահեղությունը և պայմանաններ ստեղծել խաղաղ բնակչության վերադարձ համար»։ Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի՝ ռուս խաղաղապահները ճգնաժամային շրջանում կայունություն կհաստատեն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: