ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ համաձայնության մասին, հայտարարել է, որ թուրք խաղաղապահներ ԼՂ-ում չեն լինելու։
Նա նշել է, որ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն աշխատելու է հեռավար՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
«Կիրառվելու են բացառապես տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, որոնք թույլ կտան հսկել իրավիճակը ԼՂ-ում, առաջին հերթին՝ շփման գծում, և որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում զինադադարը, որը՝ խախտում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրք դիտորդների մոբիլությունը սահմանափակված է լինելու Ադրբեջանի տարածքում հատկացվելիք ՌԴ և Թուրքիայի համատեղ դիտարկման կենտրոնի տարածքով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում հնչող հայտարարություններին, թե թուրքերն աշխատելու են նույն հիմունքներով, ինչ ռուսները, ապա խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը լինելու է ստացիոնար՝ առանց արտագնա առաքելությունների, Ադրբեջանի տարածքում»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: