16 նոյեմբերի 2020 - 17:42 AMT
Ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցում է Para Tv-ն։

Ազատության հրապարակում կուսակցությունների հետ միասին բազմաթիվ մարդիկ են հավաքվել։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հոկտեմբերի 12-ին առաջարկել է դիմել ՌԴ նախագահ Պուտինին՝ պատերազմի դադարեցման խնդրանքով, որպեսզի մարդկային ու տարածքային կորուստներն ավելի քիչ լինեն։

Ազատության հրապարակում ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն առաջարկել է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սբազանի համար աղոթել (նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ սրբազանը սրտի կաթված էր ստացել), Տեր Եսայի քահանա Արթենյանը աղոթք է հնչեցրել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: