Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում է 2021-ի պետական բյուջեի նախագիծը, սակայն, ըստ ընդդիմադիրների՝ օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի այլ հարց չի կարող քննարկվել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կոչ է արել իշխող ուժին վերցնել պատասխանատվությունը և հորդորել պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դահլիճում կարող է քննարկվել միայն ռազմական դրության չեղարկման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհին անհետացած 10 քաղաքացուն, ասել է, որ հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում։
«Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը։ Ինչո՞ւ չենք քննարկում», - հայտարարել է Մարուքյանը։
Նա առաջարկել է «Իմ քայլը» դաշինքին արտահերթ նիստ գումարել՝ հայտարարության կետերը պահպանելու, իրավաչափությունը քննարկելու հարցով։
Ընդմիջումից հետո ԱԺ-ն շարունակել է աշխատանքը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: