17 նոյեմբերի 2020 - 16:51 AMT
ՍԱՏՄ․ Արցախից ՀՀ է բերվել 3191 գլուխ կենդանի

Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ:

Պատերազմական պայմաններում ծավալել և իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:

Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ: ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: