24 փետրվարի 2009 - 22:00 AMT
Մինսկում քննարկել են Հայաստանի ու Բելառուսի էներգետիկ անվտանգության հարցերը
Փետրվարի 24-ին Մինսկում կայացել է Հայաստանի Ազգային Ժողովի եւ Բելառուսի Ազգային Ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստը: Այդ նպատակով եռօրյա այցով Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` խորհրդարանի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ: Նիստին նախորդել են պատվիրակության հանդիպումները Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի եւ Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի շրջանակում Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանականները քննարկել են նախորդ նիստում ընդունված որոշումների, այդ թվում` երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը խթանող ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել երկու երկրների էներգետիկ անվտանգության խնդիրներին:

Այցի ընթացքում կազմակերպվել է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի եւ բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը եւ պատվիրակության անդամներն անդրադարձել են անցկացված նիստի եւ Բելառուսում ունեցած բարձրաստիճան հանդիպումների արդյունքներին, հայ-բելառուսական խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարին: Հանդիպման մասնակիցները պատասխանել են Հայաստանի տնտեսական զարգացման, ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ բելառուսահայերին հուզող հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: