19 նոյեմբերի 2020 - 17:54 AMT
ԵՄ-ն կարծում է՝ պետք է վերսկսել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները

Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Մարտական գործողությունների դադարեցումը տարիներ տևող ԼՂ հակամարտության կարգավորման միայն առաջին քայլն է։ ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված, այդ թվում ԼՂ կարգավիճակի մասով, բանակցային ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Բորելի՝ «ԵՄ-ն կրկին հայտարարում է, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ միջազգային ձևաչափին»։

«Եվրամիությունը պատրաստ է արդյունավետ աջակցելու հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը, այդ թվում, որտեղ դա հնարավոր է, նպաստելով կայունացման, հետհակամարտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցներին»,- նշել է նա։

ԵՄ-ն նաև կոչ է արել շուտափույթ և ամբողջությամբ դուրս բերել տարածաշրջանից օտարերկրյա բոլոր գրոհայիններին։

«ԵՄ-ն մշտապես կոչ է անում բոլոր տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են կասկածի տակ դնել հրադադարը»,- ասել է Բորելը։

Նա հավելել է նաև, որ «ԵՄ-ն ուշադիր հետևելու է հրադադարի մասին դրույթների կատարմանը, հատկապես՝ դիտարկման մեխանիզմների մասով»։

ԵՄ-ն հիշեցրել է նաև, որ «անընդունելի է համարում ուժի կիրառումը, մասնավորապես՝ կասետային զինամթերքի, որպես վեճերի կարգավորման միջոց»։

«ԵՄ-ն շեշտում է, որ պետք է պահպանվի միջազգային հումանիտար իրավունքը և կոչ անում կողմերին կատարել գերիների և դիերի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն կարևորել է նաև տեղահանված անձանց ԼՂ և մերձակա տարածքներ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար հնարավոր լավագույն պայմանների ստեղծումը։

Բորելը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու վերականգնումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Reuters