Երևանի որոշ հատվածներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են, դրանք ուղեկցվում են նաև փողոցներ փակելով։ PanARMENIAN.Net-ի զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ 16։30 րոպեի դրությամբ Երևանում բողոքի ակցիայի 85 մասակից է բերման ենթարկվել։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից հատվածից բերման են ենթարկվել քաղաքացիներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Սաղաթելյանը բերման ենթարկվելիս մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց, որպեսզի նախ Փաշինյանը հրաժարական տա, ապա ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և ստեղծված իրավիճակում մասնագետները փորձեն շտկել այն, ինչ հնարավոր կլինի։
Բերման ենթարկվածներ կան նաև Տիգրան Մեծի պողոտայից։
Փողոցներ են փակվել նաև Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ 8 բերման ենթարկված էլ կա Գյումրի քաղաքում։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։
Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը