21 նոյեմբերի 2020 - 11:22 AMT
ՌԴ սահմանապահ լրացուցիչ ուժեր կծավալեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը լրացուցիչ ուժեր կտեղակայի ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ։

«ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով և հայկական կողմի խնդրանքով, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը լրացուցիչ ռեզերվ է տրամադրվել՝ 188 զինծառայող և անհրաժեշտ տեխնիկա։ Սահմանապահները լրացուցիչ ուժերը կծավալեն Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին»,-ասել է ԱԴԾ տնօրենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն իրազեկվել է այդ մասին, անհրաժեշտ գործակցությունը հաստատվել է։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 18-20-ը ՌԴ ԱԴԾ ավիացիայի վարչության և ՊՆ ջանքերով սահմանապահ ուժերը տեղափոխվել են Հայաստան։ Նոյեմբերի 22-ին նրանք կսկսեն կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Բորտնիկովը տեղեկացրել է նաև, որ ռեզերվի ղեկավարման և կառավարման և խաղաղապահների հետ գործակցության նպատակով Մեղրի քաղաքում կծավալվի ԱԴԾ օպերտիվ խումբը՝ այդ ռեզերվի ղեկավարման համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: