Նոյեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը ներկայացրել է պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև Ադրբեջանում պետական աջակցություն ունեցող համակարգված հայատյացությունը։
Թաթոյանը Կոպիրկինին ներկայացրել է կորոնավիրուսի ընթացքում ՌԴ ՄԻՊ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր է եղել միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակն աչքի է ընկել մեծաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից մինչև գերիների խոշտանգում, սպանություն, դիակների պղծում։