Նոյեմբերի 26-ին պաշտպանության նախարարության շենքի դիմաց շարունակվել է անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան։
Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց զինծառայողների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին։
Բացի այդ, այնտեղ են նաև ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք պնդում են, որ իրենց զավակները պատշաժ բուժօգնություն չեն ստանում։ Նրանց հանդիպել է ՊՆ ներկայացուցիչը, որը հարազատներից ստացել է իրենց բողոքները ներկայացնող գրություն։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն անհետ կորածների հարցով, որի ընթացքում հայտարարել էր, որ պետք է հոգ տանել, որ ընտանիքների անդամները տեղեկացվեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:
Ավելի ուշ նա հանդիպել էր որոշ գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։