26 նոյեմբերի 2020 - 15:37 AMT
35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ «Ազնավուր» հիմնադրամից

«Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է 35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար:

Հիմնադրամից հայտնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:

«Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական ​​առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

Հայաստանում օգնության բաշխման գործընթացը կկանոնակարգի «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը։

Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև փոխանցում կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին։