26 նոյեմբերի 2020 - 19:37 AMT
Միջադեպ ԱԺ-ում` Իմքայալականների ու ԲՀԿ-ականների միջև (Տեսանյութ)

Ազգային ժողովում միջադեպ է եղել «Բարգավաճ Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել էր Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, նրան նախ ընդմիջել էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, ապա Պետրոսյանին միայն ամբիոնի մոտ խոսելու կոչ էր արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո տեղից սկսել է խոսել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, մի քանի պատգամավոր ոտքի են կանգնել, լարված մթնոլորտը հանգստացնելու համար ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանը անվտանգության աշխատողներին է ներս հրավիրել։

Սիմոնյանը, դիմելով Զոհրաբյանին, խնդրել է հրահրելու փոխարեն հանդարտության կոչ անել։

Անվտանգության աշխատողների ներս գալուց հետո ԱԺ պատգամավորները զբաղեցրել են իրենց տեղերը։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն է պահանջում։