Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկ ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը»,-ասվում է գրառման մեջ:
Նոյեմբերի 26-ին անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ։ Ինչպես հայտնել էր Փաշինյանի խոսնակը, վարչապետը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։