30 նոյեմբերի 2020 - 11:58 AMT
Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների թաքցնում է ԿԽՄԿ-ից

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ, հիմնվելով իրենց հավաստի տվյալների և վերլուծության վրա, Ադրբեջանը բազմաթիվ հայ ռազմագերիների է թաքցնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից և հարազատներից։

Նա թվիթերյան իր էջում նշել է, որ գոյություն ունեն նրանց նկատմամբ ազգային պատկանելիության հիմքերով անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ վիդեո ապացույցներ:

«Միջազգային դիտորդական բոլոր մարմինները պետք է կանխեն այնտեղի խոշտանգումները և պատերազմական հանցագործությունները»,- գրել է նա՝ դիմելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեին։

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ 50-60 հայ ռազմագերի կա, սակայն հայտնի է նրանցից մոտ 30-ի ինքնությունը, բացի այդ, սպանվել է գերության մեջ գտնվող 11 քաղաքացիական։ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում՝ մարմինների և գերիների փոխանակման առնչությամբ՝ փորձելով հայերի շրջանում հոգեբանական տառապանքներն ավելի խորացնել։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։