Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով։
Աբրահամյանը հավելել է, որ պարտավոր ենք զբաղվել գերիների հարցով և ինքն անձամբ ևս զբաղվում է դրանով։
Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել այդ հարցով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Բացի այդ, ՌԴ նախագահին նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միությունը։
«Երբ ՌԴ նախագահն է զբաղվում է այդ հարցով, դա շատ ազդեցիկ է, բայց մենք պետք է հետևողական լինենք, անընդհատ հսկենք, հետևենք ընթացքին և համառ լինենք, որ խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում մարմինների և գերիների փոխանակման հարցում։ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա:
«Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել»,-ասել էր նա։
Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։
ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների դիերն ու գերիներին։