2 դեկտեմբերի 2020 - 11:34 AMT
ԱԱԾ-ն նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների նպատակը համարում է սահմանադրական կարգի տապալումը

ԱԱԾ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը չի ծառայել բանակում, ինչպես նաև չի մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմին։

Նշվում է, որ քննությամբ պարզվել է` նրանց մեջ մեծ թվով եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամներ, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամներ, «Հանրապետական» կուսակցության աջակիցներ, նույն կուսակցության նախկին պատգամավորների օգնականներ:

Ըստ ԱԱԾ-ի՝ զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը ոչ թե Արցախյան պատերազմի ելքն էր, այլ այն օգտագործելու եղանակով սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:

Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Պարզվել է նաև մոտ 250-ից ավելի անձի ինքնություն, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: