2 դեկտեմբերի 2020 - 18:14 AMT
ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է հումանիտար օգնություն տրամադրի Արցախին

Կոնգրեսի Սենատի անդամներ Ռոբերտ Մենենդեսը և Ռոբ Պորտմանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել է հումանիտար ճգնաժամից։

Նրանք կոչ են արել ֆինանսական միջոցներ հատկացնել 2021թ․ ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագծի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։

Մենենդեսն ու Պորտմանն «ընդգծել են, որ ճգնաժամը լուրջ է և ամերիկյան օգնությունը շատ կարևոր է»։ Ըստ սենատորների, հումանիտար իրավիճակը Հարավային Կովկասում սարսափելի է և ձմռան հետ միայն կվատթարանա։ Նրանք նշել են, որ կորոնավիրուսի տարածումը և «Թուրքիայի կողմից աջակցվող հակամարտությունն Ադրբեջանի և ՀՀ միջև, որի հետևանքով մեծ վնաս է հասցվել տարածաշրջանի ենթակառուցվածքներին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կեսից ավելին տեղահանվե էլ, որից 90 տոկոսը կանայք և երեխաներ են»։

Սենատորները նաև խնդրել են ֆինանսական միջոցներ հատկացնել տրածաշրջանում ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման համար։

«ԱՄՆ-ն պետք է շարունակի հումանիտար աջակցության մեր ավանդույթը նրանց, ով առավել դրա կարիքն ունի, օրինակ՝ հազարավոր էթնիկ հայերի, որոնք ստիպված են եղել լքել տները կամ տուժել են բռնությունից»,-ասել են սենատորները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։