Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է Para Tv-ն։
Նա նշել է, որ կուսակցությունների այդ որոշումն ընդունվել է «Հայրենիքի փրկության ազգային շարժման» խորհրդի նիստում, իսկ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք հանրահավաքի ժամանակ Մանուկյանը ելույթ կունենա։
«Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու քաղաքական որևէ ուժի», - ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է: Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը: