3 դեկտեմբերի 2020 - 17:32 AMT
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել շարունակել բանակցությունները ՄԽ շրջանակում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտերկրի գործերի նախարար Էդի Ռաման հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այդ մասին նա ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում։

«Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիարժեք աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Սուբստանտիվ բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ և կայուն կարգավորման։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։