3 դեկտեմբերի 2020 - 18:43 AMT
Տոնոյան․ Ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտն անհնար է, բայց «տեխնիկական խնդիրները լուծվելու են»

Ռազմական դրության պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպինչմենտը կազմակերպելը տեխնիկապես անհնար է, սակայն «տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից ռամական դրություն է՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Երկրում ռազմական դրությունը շարունակվել է նաև պատերազմի դադարեցումից հետո՝ որոշ մեղմացումներով։

Պատգամավորի խոսքով՝ իրենք հասնելու են Փաշինյանի հրաժարականին՝ ԱԺ գործիքակազմով ու հանրության ճնշմամբ։

Տոնոյանը խոսել է նաև ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մասին, հայտնելով, որ նա առաջիկա հանրահավաքին կներկայացնի ճանապարհային քարտեզը:

«Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը», - ասեկ է պատգամավորը:

ՀՀ-ում 17 կուսակցություն պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականն ու այդ պահանջով նոյեմբերի 10-ից ցույցեր իրականացնում մայրաքաղաք Երևանում։ Դեկտեմբերի 3-ին կուսակցությունները հայտարարել էին, թե իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ՊՆ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանն է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։