Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 3-ի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 43 մարդ: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ոստիկանությունը:
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
182-րդ հոդվածը հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն է։ Այդ արարքի համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք:
Դեկտեմբերի 3-ին մի քանի տեղից ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, որոշ հատվածներում` Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Բաղրամյան և Միասնիկյան փողոցները։
Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են նոյեմբերի 10-ի լույս գիշերից։ Ինքը վարչապետը հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարական տալու հարց չկա։