Արցախի հարցի համար արված ամեն ինչ գրեթե կորած է, սակայն վտանգված է նաև Հայաստանը, երկրի գոյությունը, 1988 թվականին դրված բոլոր խնդիրները կրկին ժողովրդի առջև են, հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածու, նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։
«Որքան շուտ Կառավարությանը հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների։ Փաշինյանը պիտի հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ․ եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի»,- ասել է նա։
Մանուկյանն Ազատության հրապարակում մասնակցել է ընդդիմության հանրահավաքից: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է նրա ելույթի ուշագրավ մտքերը։
- Հայաստանը կարող էր կանխել պատերազմը, կարող էր հաղթել պատերազմի ժամանակ կամ այն ավարտել ավելի վաղ ու փոքր կոորուստներով, սակայն դա տեղի չի ունեցել։
- Ընդդիմադիրների շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել ՀՀ-ում իրավիճակը, եթե այն ձախողվեց՝ ավելի վատ է լինելու։
Ընդդիմության միասնական թեկնածուն ներկայացրել է նաև Հայաստանի ժամանակավոր կառավարության խնդիրները։
- Մենք երբեքչենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, սակայն չենք կարող հրաժարվել դրանից. դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական զորքերից։ Այդ պայմանագիրը բավականին փնթի է ու բացթողումներով։ Նոր կառավարությունը պիտի կարողանա յուրաքանչյուր անորոշություն հօգուտ Հայաստանի վերափոխել։
- ՀՀ-ին անհրաժեշտ է բանակի վերականգնում ու ՌԴ-ի հետ հատուկ հարաբերություններ են պետք, որովհետև եթե նրանց հետ կապված չենք՝ մնում է Թուրքիան։ Եթե ստեղծվում է դաշինք ընդդեմ Թուրքիայի, մենք այնտեղ ենք։
- Պետք Է նորից մտնենք բանակցային պրոցեսի մեջ՝ Մինսկի խմբի ձևաչափով, անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհվածների, փախստականների հարցով է պետք զբաղվել։
- Հայաստանում աշխատում են արտաքին ազդեղություն ունեցող ուժեր, դրանք դիտավորյալ ժողովրդին են պառակտում։ Պետք է մաքրել այդ դաշտը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։