Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը կարևորել է գերիների շուտափույթ վերադարձը, քանի որ նրանք խոշտանգվում են։
«Բնականաբար, անհետ կորածների որոնումը, զոհվածների մարմինների և գերիների փոխանակումը շատ զգայուն և անհապաղ լուծում պահանջող հարցեր են։ Դա հատկապես ակտուալ է ռազմագերիների նկատմամբ բարբարոսությունների ի հայտ եկող և հաստատվող բազմաթիվ փաստերի ներքո, այդ բառի ուղիղ կիրառությամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
Բացի այդ, նա կարևորել է հայկական հոգևոր-մշակութային կառույցների և կոթողների պահպանման հարցը։
Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու մասին ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերից մեկով նախատեսված է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Գերիների փոխանակումը, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է, բացի այդ, չի հայտնում իր մոտ գտնվող բոլոր ռազմագերիների մասին։