9 դեկտեմբերի 2020 - 17:00 AMT
Վիրաբյանը թողնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը․ Կաշխատի Հանրայինում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ առաջարկ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։

«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ։ Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույնս օգտակար լինել հանրությանը»,- ասվում է գրառման մեջ։

Վիրաբյանը փոխքաղաքապետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։ Մինչև այդ նա «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։