9 դեկտեմբերի 2020 - 17:42 AMT
Ավելի քան 3000 միավոր զենքի թույլտվություն՝ 11 ամսում

2020-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ՀՀ ոստիկանությունը տվել է 357 գազային զենք, 606 ակոսափող և 2517 ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու թույլտվություն։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասացին` ի պատասխան ոստիկանություն ուղարկված հարցման։

Դրա ամենակարևոր՝ երկրորդ մասին, սակայն, ուժային կառույցից չեն պատասխանել։ Խնդրել էինք տեղեկություններ հայտնել առաջին անգամ զենքի թույլտվություն ստացած մարդկանց թվի և ամսական կտրվածքով տրված թույլտվությունների վերաբերյալ։ Այդ տվյալների ձեռքբերումը նպատակ ուներ պատկերացում կազմելու՝ արդյոք բնակչությունը սկսել է առավել ակտիվ զենք ձեռք բերել պատերազմի ընթացքում կամ դրանից հետո՝ հաշվի առնելով ապօրինի զենքի անկանոն հոսքերն Արցախից ու հանցավորության աճի հետ կապված մտավախություները։

«Ինչ վերաբերում է քաղաքացիներին թույլտվություն առաջին անգամ տալու և ամիս առ ամիս նշված տեղեկությունը ներկայացնելու խնդրանքին, ապա հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում նման հաշվառում չի տարվում»,- նշված է պատասխանում։

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա եռակողմ՝ ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան հայտարարությունից հետո երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների և հրաժարականը պահանջողների ցույցերը շարունակվում են։ Միաժամանակ, Ռազմական ոստիկանությունը հայտարարել էր, որ ռազմաճակատից վերադարձած բազմաթիվ քաղաքացիներ դեռ չեն վերադարձել իրենց ստացած զենք-զինամթերքը։