10 դեկտեմբերի 2020 - 12:55 AMT
Գործարար Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ

Կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Արարատի մարզպետ է նշանակվել գործարար Ռազմիկ Թևոնյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Նա Արարատի մարզպետի պաշտոնին էր 2018-ի հեղափոխությունից հետո։

Ռազմիկ Թևոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Թևոնյանը Երևան-Երասխ մայրուղին փակած «ցուցարարներին ցրելու գործն իր վրա էր վերցրել»: Ինքը՝ Թևոնյանն, այդ փաստը չէր հերքել, նշել էր, որ երկիրը պատերազմի մեջ է, իսկ միջպետական ճանապարհը փակել չէր կարելի։

Ռազմիկ Թևոնյանը 1991-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու։ 2012-ին նա եղել է ՀԱԿ մեծամասնական ցուցակում։