11 դեկտեմբերի 2020 - 10:58 AMT
Էրդողանը` Մակրոնին. Իրավունք չունես ասելու` ԼՂ-ն պետություն է, նման բան չի ասում անգամ Փաշինյանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ է դրել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի առաջնորդական որակները։

«Դու չունես իրավունք վեր կենալու և ասելու, որ դա (Լեռնային Ղարաբաղը) պետություն է` հիմնվելով քո խորհրդարանի որոշման վրա։ Այդպիսի քայլի անգամ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը չի ասում, իսկ դու փորձում ես անցկացնել։ Մակրոնը քաղաքականություն չսովորեց։ Հնարավոր է` նա կբարկանա ինձ վրա այս երեկո, բայց մենք ստիպված ենք ասել ճշմարտությունը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է նա Ադրբեջանում ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև:

Հոկտեմբերին 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Փարիզը չի հանդուրժելու վիրավորանքներ։

Երկու երկրի հարաբերություններն առավել սրվել էին, երբ Ֆրանսիայում հոկտեմբերի 16-ին 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։

Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։

Էրդողանը իսլամական աշխարհի անունից Մակրոնին մեղարդել էր մուսուլմանների նկատմամբ անարդար վերաբերմունքի համար և հորդորել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Դրանից հետո Ֆրանսիայի եկեղեցիներում ահաբեկչություններ եղան։