11 դեկտեմբերի 2020 - 12:39 AMT
Ռուս խաղաղապահներն ավելի քան 80 հա են ականազերծել Արցախում

Ռուս խաղաղապահներն ավելի քան 80 հա են ականազերծել Արցախում, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել, 24․8 կմ ճանապարհ, 168 շինություն և 6 սոցիալական նշանակության օբյեկտ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ականազերժվել է նաև Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ գազամուղի հարակից տարածքը և Ստեփանակերտի Աջափնյակ շրջանի փողոցները։ Օդանավակայանի տարածքներից մեկի ականազերծման համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունն ու ավելացնում աշխատանքների արդյունավետությունը։ Հայտնաբերված պայթուցիկ իրերը վնասազերծվում են։

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։