11 դեկտեմբերի 2020 - 18:34 AMT
ԵԽ-ն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրախորհուրդը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ Արևելյան Միջերկրականում հորատման աշխատանքների պատճառով, փոխանցում է «Վեդոմոստին»:

Միջերկրականում Թուրքիան հավակնություններ է ներկայացնում Հունաստանի ու Կիպրոսի կողմից իրենց տնտեսական գոտիներ համարվող տարածքներում։ Կիպրոսը Թուրքիային մեղադրել է իր ինքնիշխանության խախտման մեջ, թուրքական կողմը հայտարարել է, թե ԵՄ-ն իրավունք չունի պահանջել իր հետախուզական գործողությունների դադարեցում։

Նշվում է, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ համատեղ կհամակարգի Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերը։

Կառույցի անդամ երկրների ղեկավարները նաև որոշել են մինչև 2021-ի մարտ ԵԽ ղեկավար Ժոզեֆ Բորելին ներկայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման տարբերակներ։ ԵՄ-ում ընդգծել են պաշտոնական Անկարայի միակողմանի և սադրիչ բնույթի գործողություննեը։

ԵԽ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հավատարիմ են անդամ պետությունների շահերի պաշտպանությանը և աջակցում են տարածաշրջանային կայունության պահպանմանը։