14 դեկտեմբերի 2020 - 18:17 AMT
«Արժանապատվության երթ»՝ Երևանում․ Ցուցարարները կրկին Փաշինյանի հրաժարականն են պահանջում

Դեկտեմբերի 14-ի երեկոյի դրությամբ Երևանում «Արժանապատվության երթ» է ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցվում է Para TV-ն։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները 18։00-ի դրույթամբ Վաղարշյան փողոցում են, նրանք Քննչական կոմիտեի դիմաց են եղել, կոչ են արել չկատարել Փաշինյանի հրահանգները։ Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները։

ՀՀ-ում նոյեմբերի 10-ից վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունները երթեր ու հանրահավաքներ են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ կարգավիճակից կհրաժարվի միայն «ժողովրդի հավաստի կամարտահայտման հիման վրա»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։