18 դեկտեմբերի 2020 - 10:38 AMT
Բորելը չի կարողացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն դա չի հաջողվել։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստում։

«Քանի որ իմ հետ երկու նախարարն են շփվել, մենք փորձեցինք եռակողմ շփում հաստատել՝ Եվրամիություն, ՀՀ և Ադրբեջան։ Սակայն, դա հնարավոր չեղավ, ուստի՝ ես կհանդիպեմ նախարարների հետ առանձին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Բորելը նշել է, որ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա զոհերը Լեռնային Ղարաբաղում և նշել է, որ այն պետք է պահպանվի։

«Սակայն, մենք հաղորդագրություններ ենք լսում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հրադադարի լիակատար պահպանումը խիստ անհրաժեշտ է»,- ասել է նա։

«Եթե մենք կարողանանք դերակատարություն ունենալ հաշտեցման, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում, համալրելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել։ ԵՄ-ն պատրաստ է գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ում հետ ասես, իր ներդրումն ունենալու համար Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Reuters