22 դեկտեմբերի 2020 - 19:05 AMT
Պաշտպան․ Գորիսի քաղաքապետն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, հայտարարել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», - ասել է Մելքոնյանը։

Առուշանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ։ Քաղաքապետը հայտարարել էր, թե իրենք փակելու են Սյունիքի մուտքը՝ թույլ չտալով վարչապետին կատարել իր այցը։